ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ քաղաքացուց խարդախությամբ նոթբուք հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
2017թ. փետրվարի 24-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, գնելու նպատակով Մաշտոցի պողոտայում գործող խանութներից մեկում վերցրել է «Էյջ Փի» ապրանքանիշի նոթբուքը, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված նոթբուքին՝ իրեն պաճառելով խոշոր չափերով վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում գործող տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է խանութի ներսում ալեհեր մի տղամարդ վերցնում նոթբուքը և հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: