Ներկա և ապագա սերունդների համար չափազանց կարևոր է շրջակա միջավայրի պահպանությունը: Նախատեսվող գործունեության արդյունքում վերջինիս վրա ենթադրվող ազդեցությունը և դրա աստիճանը պարզելու համար պետք է անցկացվի փորձաքննություն:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի հիմնական նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել հայեցակարգի (ծրագրի) և նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը մարդու առողջության, շրջակա միջավայրի, տնտեսական և սոցիալական բնականոն զարգացման վրա:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության խնդիրներն են`
– վերլուծել նախատեսվող գործունեության, հայեցակարգի և դրանց այլընտրանքների հնարավորությունը և նպատակահարմարությունը` հաշվի առնելով էկոլոգիական բոլոր սահմանափակումները.
– գնահատել նախատեսվող գործունեության, հայեցակարգը և դրանց այլընտրանքների հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և վտանգավորության աստիճանը.
– ստուգել շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության, հայեցակարգի և դրանց այլընտրանքների հնարավոր էկոլոգիական ազդեցության աստիճանը, հետևանքների վերլուծման ամբողջականությունը և ստույգությունը, այդ հետևանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարությունը ինչպես շահագործման և իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ.
– ապահովել բնական պաշարների արդյունավետ, բանական օգտագործումը.
– արգելել շրջակա միջավայրի վրա անդառնալի վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած նախատեսվող գործունեություն, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված.
– ապահովել հասարակության ներգրավումը և մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում:
Աղբյուրը` Իրավաբան.net