Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։
Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։
Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: