Ֆիզիկական և իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան՝ ստանալու վճարման կարգադրություն:
Վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժվում է այն մասով, որով`
1) այն չի համապատասխանում օրենքի դրույթներին.
2) վարչական ակտն առերևույթ առ ոչինչ է կամ ուժի մեջ չէ:
Վճարման կարգադրությունը ներառում է`
1) նշում այն մասին, որ դատարանն ըստ էության չի ստուգել պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը.
2) կարգադրություն` վճարման կարգադրությունը ստանալու կամ օրենքի համաձայն` պատշաճ ծանուցված համարվելու պահից երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետևյալ գործողություններից որևէ մեկը.
ա. կատարել վճարման պահանջը, եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում,
բ. ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե պատասխանողը վարչական ակտը համարում է ապօրինի.
3) նշում այն մասին, որ հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը, օրենքին համապատասխան, կրելու է դատական ծախսերը.
4) նշում այն մասին, որ սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:
Դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատասխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել: Այս դեպքում վճարման կարգադրությունը վերանում է:
Աղբյուրը` Իրավաբան.net