Նախնական դատական նիստն իրականացվում է …

Քաղաքացիական դատավարական իրավունքներին պատշաճ տեղեկացվելու, պահանջները հստակեցնելու և մի շարք այլ հարցեր քննարկելու համար օրենքով սահմանված է դատական քննություն նշանակելուց առաջ անցկացնել նախնական դատական նիստ:

Այսպես` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը և դատավարության այլ մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:

Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝
1) պարզում է հայցի առարկան ու հիմքը.
2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները.
3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը.
4) պարզում է գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը.
5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները.
6) կողմերի միջնորդությամբ, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը.
7) կողմերի միջնորդությամբ, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույցների ապահովման հարցերը, ինչպես նաև կողմերի այլ միջնորդությունները.
8) քննարկում է գործի քննությանը այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման, արտագնա դատաքննության անցկացման հնարավորության հարցերը.
9) որոշում է ապացույցների հետազոտման կարգը.
10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

Նախնական դատական նիստն արձանագրվում է օրենսգրքով սահմանված կարգով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել