Պետությունը պարտավոր է պաշտպանել երեխաների իրավունքները

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի համաձայն` մասնակից պետությունները ապահովում են, որպեսզի երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները, դատարանի որոշմամբ և գործող օրենքի ընթացակարգի համաձայն սահմանում են, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից:
«Նման որոշում կարող է անհրաժեշտ լինել այս կամ այն կոնկրետ դեպքում, օրինակ, երբ ծնողները դաժանորեն են վարվում երեխայի հետ կամ հոգ չեն տանում նրա մասին, կամ երբ ծնողներն առանձին են ապրում և հարկ է վճիռ կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ»-, այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը;
Վերջինիս փոխանցմամբ`մասնակից պետությունը պարտավոր է հարգել ծնողներից մեկից կամ երկուսից բաժանվող երեխայի իրավունքները` կանոնավոր անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:
«Այն դեպքում, երբ այդպիսի բաժանումը բխում է մասնակից պետության ընդունած որևէ որոշումից, օրինակ` կալանքի, աքսորի, տեղահանության, մեկ կամ երկու ծնողների կամ երեխայի մահվան (ներառյալ այնպիսի մահը, որը վրա է հասել ցանկացած պատճառով, տվյալ անձի` պետության տրամադրության տակ գտնված ժամանակ) հետևանքով, մասնակից պետությունը ծնողներին, երեխային կամ, եթե դա անհրաժեշտ է, ընտանիքի այլ անդամի, նրանց խնդրանքով, տրամադրում է համապատասխան տեղեկություն ընտանիքի բացակա անդամի (անդամների) գտնվելու վայրի վերաբերյալ, եթե այդպիսի տեղեկատվությունը վնաս չի հասցնում երեխայի բարեկեցությանը»,- ասում է իրավաբանը:
Մասնակից պետությունները հետագայում ապահովում են, որպեսզի նման խնդրանքով դիմելը ինքնըստինքյան չհանգեցնի անբարենպաստ հետևանքների համապատասխան անձի (անձանց) համար:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել