ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական բաժնի տնօրեն Դեյվիդ Մաոն Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հյուր էր:
Հայ իրավաբանները լսեցին Դեյվի Մաոյի դասախոսությունը Կոնգրեսի գրադարանի, և մասնավորապես, իրավաբանական բաժնի վերաբերյալ, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հանդիպումը կազմակերպել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանի երիտասարդ իրավաբաննների ասոցիացիան, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան, Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը:
Ըստ Դեյվիդ Մաոյի` ԱՄՆ Կոնգրեսի իրավագիտության գրադարանը ստեղծվել է շուրջ 100 տարի առաջ: Այնտեղ պահվում է ավելի քան 2,8 մլն միավոր գիրք:
«Այս դասախոսության արդյունքում շատ նոր հնարավորություններ է ընձեռնվելու Հայաստանի իրավաբաններին, որպեսզի կարողանան օգտվել այն ռեսուրսներից, որն ունի ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական բաժանմունքը»,-նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիաների հիմնադիր անդամ Կարեն Զադոյանը:
Iravaban.net-ի հարցին`իրավաբանական նյութերի աշխարհի ամենամեծ հավաքածուն ունեցող գրադարանի իրավաբանական բաժնում կան հայ հեղինակների աշխատություններ, պարոն Մաոն պատասխանեց. «Այո, մենք ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական բաժնում ունենք հայ հեղինակների աշխատություններ, սակայն ոչ այն թվով, որքան կցանկանայինք տեսնել»:
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը մեկ անգամ է եղել Կոնգրեսի գրադարանում: Քարտ ձեռք բերելը բավականին հեշտ է եղել: «Պարոն Մաոյի դասախոսությունից ինձ համար առավել հետաքրքիր էր Կոնգրեսի գրադարանի գրքերի թվայնացման պրոցեսը, որովհետև կարծում եմ` շուտով գիտելիքն ամբողջ լինելու է համացանցում, և Կոնգրեսի գրադարանի իրավաբանական սեկտորի վարիչն էլ նշեց` այո, մենք զբաղվում ենք այդ ուղղությամբ, և մեր գրքերի մեծ մասը շուտով կլինեն օն-լայն»,- տեղեկացրեց Խաչիկ Գևորգյանը:
Դեյվիդ Մաոն նաև անվանական հայկական գինի տեղադրեց գինիների պատի մեջ: «Ես տպավորված եմ բոլորի բարիացակամությամբ, բացախոսությամբ, թե ինչպես են տեղեկատվություն տրամադրում, հարցեր տալիս»,-հայ իրավաբանների հետ շփումից ստացած տպավորության մասին ասաց Դեյվիդ Մաոն:
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական բաժանմունքի տնօրեն Դեյվիդ Մաոն առաջին անգամ է Հայաստանում: Նա մեր երկիր հրավիրվել է Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու եւ հայ գրքի տպագրության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:
Նունե Հովսեփյան