35 միլիոն դրամ՝ ոստիկանության մեքենաների պահպանության համար

Ոստիկանությունը  այս տարվա ընթացքում պայմանագրեր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերության հետ՝ ավտոմեքենաների պահպանության ծառայությունների ձեռքբերման համար:

Փետրվարի 27-ին կնքված պայմանագրի համաձայն «Տոյոտա Երևանը» պետք է մինչև տարեվերջ՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ը իրականացնի նույն ընկերությունից 2012-2015 թվականներին ձեռքբերված 20 հատ «Տոյոտա» մակնիշի  մարդատար ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայություններ (տեխզննում, տեխսպասարկում, վերանորոգում):

Այս ծառայությունների արժեքը կազմում է 7 միլիոն դրամ: Այսինքն, յուրաքանչյուր մեքենայի համար նախատեսվել է 350 հազար դրամ: 

Ոստիկանությունը նույն օրը, նույն ծառայությունների համար, նույն ընկերության հետ մեկ այլ պայմանագիր է կնքել, որի համաձայն՝ տեխզննում, տեխսպասարկում և վերանորոգման կենթարկվեն այս ընկերությունից ոստիկանության կողմից 2007-2016 թվականներին գնված հետևյալ մեքենաները.

  • 69 հատ «Տոյոտա Կորոլլա»,
  • 4 հատ «Տոյոտա Պրադո»,
  • 8 հատ «Տոյոտա Յարիս»,
  • 2 հատ «Տոյոտա Հայս»:

Պայմանագրի արժեքը 28 միլիոն դրամ է: Այսինքն, միջինում յուրաքանչյուր մեքենայի համար նախատեսվել է 337 հազար դրամ: 

Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը «Տոյոտա Երևան» ընկերության հետ պայմանագրեր է կնքել 103 ավտոմեքենայի պահպանման ծառայությունների համար՝ ընդհանուր 35 միլիոն դրամ արժեքով (շուրջ 72 հազար դոլար):

Աստղիկ Կարապետյան
 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել