Դատախազի հանձնարարությամբ ստուգվում են Ա. Սարգսյանի մահվան հանգամանքները

Դատախազությունից հայտնում են, որ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը 2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ի սահմաններում ընդունվել է ՀՀ ԱՆ «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունք՝ «աճուկային օղակած ճողվացք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում ենթարկվել է վիրահատության: Վիրահատությունից հետո Արթուր Սարգսյանի մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով  մարտի 16-ին ժամը 00:00-ի սահմաններում վերջինս տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Արթուր Սարգսյանի շնչառական խնդիրները վերականգնելու նպատակով ձեռնարկվել են բժշկական միջոցառումներ:

Մինչ ժամը 15:40-ը Արթուր Սարգսյանի մոտ շնչառական խնդիրների կարգավորում տեղի չի ունեցել, ապա արձանագրվել է սրտի կանգ և կլինիկական մահ:  Արթուր Սարգսյանի մահվան  նախնական պատճառ է ախտորոշվել «սիրտ-թոքային անբավարարությունը»:

Աջափնյակ  և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի  պաշտոնակատարի կողմից հանձնարարվել է նույն վարչական շրջանի քննչական բաժնին՝ Ա. Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով իրականացնել քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել