Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները: Ներկայում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրված է 65 ներդրումային ծրագիր: Հանձնարարվել է պարբերաբար թարմացնել համապատասխան տեղեկատվությունը: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ վարչական շրջանների կողմից վարչությանն են ներկայացվել նաև Երևան քաղաքի վարչական շրջանների 2017թ. համաչափ զարգացման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ:
Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 43 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման բացառման, ինչպես նաև ավտոկայանատեղերում մեքենաների կայանման համար ապօրինի գումարների գանձման դեպքերը կանխելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ այս մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել 3 իրավախախտ: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի փոխանցմամբ՝ «Սանիթեք» ընկերության և մայրաքաղաքի կոմունալ ծառայությունների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների ներգրավմամբ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակերի սանմաքրման լայնածավալ աշխատանքները, որոնց շրջանակում կազմակերպվում են տեղային շաբաթօրյակներ՝ ձմռան հետևանքները վերացնելու և մայրաքաղաքի արտաքին պատշաճ տեսքն օր առաջ վերականգնելու համար: Զեկուցվել է նաև, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունն էլ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ վերսկսել է մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների պատշաճ կատարումը:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության, շինարարության և բարեկարգման վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է գույքագրել և ներկայացնել մայրաքաղաքի փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի՝ ձմռան ընթացքում կրած վնասները, հընթացս նաև քայլեր ձեռնարկելով դրանց վերականգնման ուղղությամբ: