Վարդան Պետրոսյանի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին որոշում է կայացվել։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց դերասանի իրավունքների պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, նա մանրամասներց․ «Դա կարգավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով, ինչը նշանակում է, որ նա կարող է այս պահին էլ մեկնել Հայաստանից։ Նշեմ, որ մենք երկու ինստիտուտ ունենք, որը հաճախ շփոթության մեջ է դնում լրագրողներին և ոչ իրավաբաններին, խոսքը պատիժը պայմանական չկիրառելու և պատիժը կրելուց վաղաժամկետ ազատվելու ինստիտուտների մասին է, առաջինի դեպքում անձը չի կարող մեկնել Հայաստանի Հանրապետությունից ու պարտավոր է փորձաշրջանի ժամանակ գտնվել երկրում, որոշակի պարբերությամբ այդ մասին փաստող ստորագրություն տալ, իսկ երկրորդ դեպքում անձը կարող է մեկնել երկրից ու որևէ պարտականություն չի կրում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ որոշումն արդեն ուժի մեջ է մտել։
Այսպիսով՝ Վարդան Պետրոսյանը որևէ պարտականություն չունի տուժողների ընտանիքների նկատմամբ, ինչ վերաբերում է երկրից մեկնելու հանգամանքին, ապա փաստաբանը նշեց, որ դերասանի ընտանիքը բնակվում է Ֆրանսիայում․ «Նա ունի երեխա, որին երեք տարի չի տեսել, կարծում եմ՝ յուրաքանչյուր հայր էլ կփորձի գնալ և տեսակցել իր երեխայի հետ»,- ասաց պարոն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին առաջին ատյանի դատարանը 2015թ. հունվարի 29-ին դատապարտել էր ազատազրկման 5 տարի ժամկետով՝ զրկելով նրան վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով: Մեղադրող դատախազն ու տուժողների իրավահաջորդները վերաքննիչ և վճռաբեկ բողոք էին բերել՝ պատժի և քաղհայցի մասով, սակայն դատարանները առաջին ատյանի դատավճիռը թողել էին անփոփոխ:
Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր այն բանի համար, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում նրա մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Դերասանի վարած մեքենան բախվել էր մեկ այլ մեքենայի։ Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, նրանցից Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:
Կարդացեք նաև՝