Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ հաստատվել է միջպետական ծրագրերով օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների ժամանակացույցը: Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ քննությունները տեղի կունենան ըստ հետևյալ գրաֆիկի. մարտի 14-ին, ժամը 11:00-ին՝ Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում կկազմակերպվեն միջազգային առևտուր, մշակութաբանություն, արաբագիտություն, լրագրություն, միջուկային ֆիզիկա, քաղաքագիտություն մասնագիտությունների քննությունները, մարտի 15-ին, ժամը 11:00-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ ճարտարապետություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտությունների քննությունները, իսկ մարտի 15-ին, ժամը 14:00-ին Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի գիտական մասնաշենքում՝ ռեժիսուրա մասնագիտության քննությունը: