Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով:
Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն) առաջադրված Զարուհի Բաթոյանի կենսագրությունը.
Ծնվել է 1979 թ.-ի սեպտեմբերի 29-ին Երևանում:
Ավարտել է Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցը (տնային կրթություն), իսկ 2008 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:
2008-2009 թվականները սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»:
1999-2014 թվականը աշխատել է որպես «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր:
2007 թվականից «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում աշխատում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու:
2012 թվականից «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրենն է, որը հիմնադրվել է նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը։
«Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ)։
2013-2017 թթ. համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը:
2014 թվականից «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմադիր նախագահն է:
Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ աշխատել է, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ: 2016 թվականին արժանացել է Համընդհանուր իրավունքների մրցանակին «Ներառման խթանում» անվանակարգում, որը շնորհվել է ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհուրդի, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից:
«Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները» (2009թ․) և «Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտությունների (2014 թ.) հեղինակն է։
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ: