Իրազեկում գազասպառող բաժանորդներին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին որոշման համաձայն՝ մատակարարը պարտավոր է գազի արժեքի վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել բաժանորդին՝ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 35 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդը կարող է չհամաձայնել վերահաշվարկի արդյունքին: Եթե բաժանորդը չի համաձայնում վերահաշվարկվի արդյունքին, ապա մատակարարի կողմից գազի արժեքի վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդը մատակարարին է ներկայացնում վերջինիս կատարած վերահաշվարկի հետ կապված իր գրավոր առարկությունները` համապատասխան հիմնավորումներով:

Մատակարարը պարտավոր է բաժանորդի գրավոր առարկություններն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել դրանք և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել բաժանորդին՝ պարզաբանելով վերահաշվարկի արդյունքի վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված գազի արժեքը: Մատակարարը վերահաշվարկված (ճշգրտված) գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում: Մատակարարի և բաժանորդի համատեղ քննարկումների արդյունքում տարաձայնությունների առկայության դեպքում բաժանորդը վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա գազի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված գազի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում մատակարարն իրավունք չունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` մինչև վեճը Հանձնաժողովում լուծելը: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը՝ վեճը լուծելու դատական կարգով:

Եթե բաժանորդը սահմանված ժամկետում վերահաշվարկի արդյունքի մասին մատակարարին գրավոր առարկություններ չի ներկայացնում, ապա մատակարարը վերահաշվարկված գազի արժեքը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել