Մարտի 2-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
Վլադիմիր Գասպարյանը 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով դրական գնահատեց մարզի ոստիկանների աշխատանքը: Միևնույն ժամանակ՝ հանձնարարեց առավելագույն ուշադրություն դարձնել նախկինում չբացահայտված հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման խնդրին՝ ընդգծելով, որ արդյունավետ աշխատանքն այդ ուղղությամբ ոչ միայն հանցագործությունների լավագույն կանխագելումն է, այլև ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման երաշխիքը:
Մանրամասն վերլուծելով համայնքային և ճանապարհային ոստիկանության, անձնագրային, անչափահասների հետ տարվող աշխատանքի և այլ ծառայությունների խնդիրներն ու պատասխանատուների հետ քննարկելով աշխատանքի կատարելագործման ուղիները՝ Վլադիրմիր Գասպարյանը, հատկապես կարևորեց օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունավետության անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանության խնդիրներին՝ ընդգծելով յուրաքանչյուր ծառայողի համար իր գործառույթների բացարձակ իմացության և դրանց լիարժեք կիրարկման անհրաժեշտությունը, ոստիկանության պատասխանատվությունը ընտրությունների շրջանում ոչ միայն պատշաճ կարգուկանոն ապահովելու, այլև հանրային հավասարակշիռ ու հանդուրժողական մթնոլորտ պահպանելու գործում:
Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:
ՀՀ ոստիկանություն
Իրավաբան.net