Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մինչ հերքում էի «շտաբի ոչնչացման» մասին ապատեղեկատվությունը, ադրբեջանական ագիտպրոպը տարածեց հերթական հորինվածքը, այս անգամ արդեն չեղած դիվերսիոն գործողության մասին: Այնպես որ Ադրբեջանական կողմը շարունակում է իր երևակայության դաշտում իրականացնել «հակահարվածային թեժ գործողություններ»: Բացառված չէ, որ որոշ ժամանակ հետո տեղեկանանք հակառակորդի ճամբարում տեղի ունեցած «մահվան ելքով» դեպքի մասին: Պետք չէ զարմանալ, սովորություն է…»:
Մինչ այդ, նա գրել էր նաև.
«Վերջին օրերին, և հատկապես փետրվարի 25-ին, իր նախահարձակ գործողությունների արդյունքում կրած ծանր կորուստներից հետո սեփական հանրության շրջանում բավականին բացասական հնչեղություն ստացած հասարակական կարծիքը (խուճապը) մեղմելու նպատակով ադրբեջանական ագիտպրոպն անցել է իրողությունները պարբերաբար ու նպատակաուղղված կերպով աղավաղելու մարտավարության: Ասվածի հերթական վկայությունն է հակառակորդ կողմի այսօր տարածած «բեմականացված,, ապատեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինուժը «շարքից հանել է» հայկական մի հենակետ (իսկ որոշ ԶԼՄ-ներ դա ներկայացնում են որպես շտաբ): Այսքանից արվելիք հետևությունը մեկն է՝ հարևան երկրիի կողմից իրականացվող այսօրինակ քարոզչությունն այնքան է պրիմիտիվ և ծամծմված, որ անզոր է ծառայելու որևէ լուրջ նպատակի»: