Ստրասբուրգում մեկնարկել է Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը

Հոկտեմբերի 8-ին Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) շենքում մեկնարկեց 1-ին Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող մոտ 1000 մասնակիցներ: Ֆորումին նախորդեց հոկտեմբերի 5-7-ը կայացած ԵԽ երիտասարդական վեհաժողովը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդներ:

.

Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի պաշտոնական բացման արարողությանը, որը կայացավ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դահլիճում, ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, Ստրասբուրգի քաղաքապետը, Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Թունիսի նախագահը, Յեմենը ներկայացնող 2011թ. խաղաղության նոբելյան մրցանակակիր տիկին Տավակոլ Կարմանը (Ms. Tawakkol Karman):

.

Պաշտոնական բացմանն անմիջապես հաջորդեց տնտեսության և ժողովրդավարության փոխներգործությանը նվիրված պլենար նիստ, որը գլխավորում էր ԵԽԽՎ նախագահը, իսկ այն վարում էր Ստոկհոլմի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, ԵԽ նախկին գլխավոր քարտուղար պարոն Դենիել Տարչիսը (Mr. Daniel Tarschys):

.

Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան Ալբանիայի վարչապետը, Մարոկկոյի վարչապետը, Ասիական զարգացման բանկի ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրենը, Ռուսաստանի Դաշնության նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը, Հաիթիի և Կանադայի նախկին վարչապետերը, Հոնդուրասի նախկին փոխնախագահը, Գերմանիայի ֆինանսների նախարարը, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը, Շվեյցարիայի պետական խորհրդի ներկայացուցիչը, ԵԽԽՎ մի շարք անդամներ:

.

Նույն օրը կայացած այլ նիստերի ընթացքում քննարկվել են «Արաբական գարնան» հետ կապված իրադարձությունները, «Ժողովրդավարությունը որպես ունիվերսալ արժեք», «Ժողովրդավարությունը և սոցիալական նոր ցանցերը», «Ժողովրդավարությունը և գլոբալիզացիան» թեմաները:

.

Ֆորումի աշխատանքները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 11-ը և նրա ընթացքում քննարկվելու են ժողովրդավարության, իրավունքի գերակայության ապահովմանը, բարեխիղճ կառավարմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի շարք արդիական թեմաներ:

.

Ֆորումին մասնակցում են տարբեր երկրների նախկին և ներկա բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, խաղաղության նոբելյան մրցանակակիրներ, միջազգային կառավարական և հասարակական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հայտնի իրավապաշտպաններ, փորձագետներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և այլն: Ֆորումին մասնակցում է նաև Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի պատվիրակությունը: Հոկտեմբերի 9-ին ֆորումի շրջանակներում մասնակցային ժողովրդավարությանը նվիրված թեմայով ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

.

Հանրային թղթակից` Մարատ Ատովմյան
Ստրասբուրգ, Ֆրանսիա

.

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել