Հետաքրքիր է իմանալ, որ մի անգամ Չեխովն ուղարկել է սպասավորին դեղատուն` հաբերով գերչակի յուղ (касторка в капсулах) գնելու: Դեղագետը ուղարկել է երկու մեծ հաբ, որոնք Չեխովը հետ է ուղարկել` գրությամբ. «Ես ձի չեմ!»: Ստանալով անվանի գրողի գրությունը, դեղագործը հաճույքով փոխել է մեծ հաբերը նորմալ հաբերով:
Իսկ արդյո˚ք դեղագործը պարտավոր չէ առանց որևէ «գրության» ճիշտ և համապատասխան դեղ վաճառել գնորդին:
«Նախ պետք է իմանալ, որ բնակչությանը դեղերով ապահովում են դեղատները և դեղատնային կրպակները»,- Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` դեղատները և դեղատնային կրպակները կարող են բացվել և շահագործվել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
Դեղատները և դեղատնային կրպակներն իրավունք ունեն ձեռք բերել և վաճառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում:
Կառավարության լիազորած մարմինը հաստատում և հրապարակում է առանց դեղատոմսի բաց թողնվող ու հսկվող դեղերի ցանկերը: Դեղատները և դեղատնային կրպակները պետք է ունենան հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականին:
Դեղատոմսը գրում է բժիշկը` համապատասխան ձևավորված դեղատոմսային ձևաթղթի վրա` այն հաստատելով ստորագրությամբ:
Հիվանդն իրավունք ունի բժշկից կամ դեղագետից սպառիչ տեղեկություններ ստանալ նշանակված դեղի ազդեցության, հնարավոր կողմնակի ազդեցության, տարբեր դեղերի փոխազդեցության մասին և իմանալ դրա օգտագործման կարգը:
Դեղագործը պարտավոր է դեղը բաց թողնելիս սպառողին բացատրել դրա օգտագործման և պահպանման կարգը:
Աղբյուրը` Իրավաբան.net