Հանցավոր վարքագծի մոտիվացիայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հանցավոր վարքագծին հատուկ առանձնահատկությունները բաշխված են դրա տարբեր տարրերում և մակարդակներում: Այդ առանձնահատկություններն իրենցից ներկայացնում են կրիմինալ շեղումներ, որոնցով հանցավոր վարքագիծը տարբերվում է սոցիալապես օգտակար վարքագծի ձևերից: Տիպիկ շեղումներն իմանալը և դրանք հանցավոր վարքագծի մոտիվացիայի, անձի կենսագործունեության ապագա պայմանների հետ համադրելը թույլ է տալիս որոշակի հավանականությամբ կանխատեսել նրա վարքագիծը:
Շահադիտական մոտիվացիայով են կատարվում հանցագործությունների 65-ից 75%-ը: Վերջին տարիներին նկատվում է շահադիտական մոտիվացիայով կատարվող հանցագործությունների աճ, ինչը հատուկ է ոչ միայն նոր զարգացող, այլ նաև զարգացած շուկայական տնտեսություն ունեցող պետությունների մեծ մասին:
Հարկ է նշել, որ շահադիտական մոտիվացիան միատարր չէ: Կրիմոնոլոգիայում առանձնացնում են շահադիտական մոտիվացիայի հետևյալ դրսևորումները`
1. նյութական արժեքների, փողի կուտակման ձգտում, ագահություն,
2. նյութական բարեկեցության,կոնֆորտի ապահովման ցանկություն,
3. ալկոհոլի, թմրանյութերի, ցոպ ու շվայտ կյանք վարելու ցանկություն,
4. ծառայողական նյութական կարիք` վերադասին կաշառելու, անհրաժեշտ գործարար կապեր ստեղծելու ցանկություն,
5. անձնական նյութական կարիք:
Շահադիտական մոտիվացիայով հանցանք կատարողների զանգվածը խիստ խայտաբղետ է:
Յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ կատարողները, կաշառակերները իրենց անձնային առանձնահատկություններով էականորեն տարբերվում են այլ հանցանքներ կատարողներից և գրեթե չեն տարբերվում օրինապահ քաղաքացիներից: Սրանց մեծ մասը աչքի է ընկնում բարձր կրթական մակարդակով, դրական են բնութագրվում, լավ են կողմորոշվում սոցիալական իրականությունում:
Այլ է վիճակը ավազակություն, կողոպուտ, գողություն կատարած անձանց մոտ: Սրանք աչքի են ընկնում ցածր կրթական մակարդակով, դաժանությամբ, բացասական են բնութագրվում և այլն:
Բայց գոյություն ունի մի հիմնական հատկություն, որը հատուկ է շահադիտական մոտիվացիայով հանցանք կատարող բոլոր անձանց` այս անձանց մոտիվացիոն կառուցվածքն աչքի է ընկնում միատարրությամբ, որը հանգում է նյութական արժեքների գերական դիրքին: Փողը և այլ նյութական բարիքները այս անձանց համար հիմնական արժեքներ են հանդիսանում: Հետևաբար այս անձանց հիմնական մոտիվացիոն շեղումը հանգում է նրան, որ նրանք չեն կարող և չեն ցանկանում իրենց նյութական պահանջմունքները համամասնության մեջ դնել իրենց աշխատանքային ներդրումների հետ, ինչը վկայում է այս անձանց մոտ սպառողական դիրքորոշման առկայության մասին:
Շահադիտական հանցագործությունների նպատակները առարկայական, ռացիոնալ նպատակներ են: Կապված այն հանգամանքի հետ, որ շահադիտական պահանջմունքները կարող են բավարարվել ամենաբազմազան առարկաների միջոցով, դրանց նպատակները նույնպես խիստ բազմազան են: Բացի այդ, կարելի է ասել, որ այս հանցագործությունների գերակշիռ մասին հատուկ են նաև հեռանկարային նպատակները (համենայն դեպս դրանք այդպիսին են թվում հանցանք կատարողին): Հանցագործություների եղանակներն ու միջոցները էլ ավելի բազմազան են, քան նպատակները: Կանխատեսման և վճռի ընդունման փուլերի հիմնական սխալը հանգում է պատժից խուսափելու հույսին:
Նպատակին հասնելու հանցավոր միջոցների ու եղանակների ընտրությանը կարող են նպաստել նաև հասարակության մեջ ձևավորված բարոյական մթնոլորտը:
Անցումային ժամանակաշրջանում, կոռուպցիայի աճի, հանցավորության նկատմամբ սոցիալական և իրավական վերահսկողության համակարգի փլուզման, հանցավորության լատենտայնացման ֆոնի վրա, հանցավոր վարքագծի նպատակադրման և այդ վարքագծի հետևանքների կանխատեսման վրա ավելի ու ավելի մեծ մոտիվացնող ազդեցություն է թողնում պատժից խուսափելու հույսը: Սա հատկապես վերաբերվում է տնտեսական և պաշտոնեական հանցագործություններին: Պաշտոնեական հանցագործությունների համար դատապարտված անձանց շրջանում իրականացված հարցումները ցույց են տվել, որ նրանց մոտ 80%-ը համոզված է եղել, որ կարողանալու է խուսափել պատժից:
Այստեղ տեղին է նշել Բեկարիայի հետևյալ խոսքերը. «Հանցագործության կանխման արդյունավետությունը կախված է ոչ թե պատժի դաժանությունից,այլ դրա անխուսափելիությունից»:
Աղբյուրը` Իրավաբան.net