Հետաքրքիր է իմանալ, որ 19-րդ դարի կեսերին` Շերլոկ Հոլմսի ժամակաշրջանում, վիրաբույժները, ինչպես և մեր օրերում, տարբերվում էին մյուս բժիշկներից, սակայն, ի տարբերություն 21-րդ դարի, այն ժամանակ վիրաբույժները դիտվում էին որպես «սևագործներ»` նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջիններս աշխատում են ձեռքերով, կտրում են կարում և այլն:
Մեր օրերում, իհարկե, վիրաբույժը ընկալվում է միայն և միայն մարդկային կյանքեր փրկող, ուստի և վեհ աշխատանք կատարող անձ:
Չնայած այն հանգամանքին, որ բոլոր բժիշկների, այդ թվում` վիրաբույժների նպատակը մարդու կյանքը փրկելն է, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում` ցանկանում է բժշկական միջամտության իրականացում, թե ոչ:
«Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է:
Բուժողի կամ բուժվողի պահանջով համաձայնությունը կարող է լինել նաև գրավոր»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` 18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդին, ինչպես նաև այն դեպքերում, երբ հիվանդի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, բժշկական միջամտության համար համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից:
Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով հիվանդի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:
Աղբյուրը` Իրավաբան.net