Պետք է հիմնավորվի սահմանափակման նշանի տեղակայումը

Յուրաքանչյուր նշանի (հատկապես զանազան սահմանափակումներ մտցնող) տեղակայումը պետք է հիմնավորվի: Շեշտվում է կառավարության N 1699-Ն որոշման մեջ:

Ըստ որոշման` Ճանապարհի տեղամասում նշանների ընդհանուր թիվը պետք է հնարավորության սահմաններում նվազեցվի: Այդ նպատակով անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել վտանգի նախազգուշացման մասին կամ որևէ սահմանափակում մտցնող նշանների տեղակայման պատճառները:

Նշանների վրա (դիմային և հակառակ կողմերում), նշանների տակ և դրանց հենարանների վրա չի թույլատրվում տեղադրել որևէ բան, որն առնչություն չունի ճանապարհային երթևեկության կազմակերպմանը (այսուհետ` երթևեկության կազմակերպում): Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ճանապարհները տնօրինող և շահագործող լիազորված մարմինները, անձինք շահույթ չհետապնդող որևէ կազմակերպությանը կամ ընկերությանը կարող են թույլատրել տեղակայել հատուկ թելադրանքի կամ տեղեկատվական նշաններ և նշանի կամ դրա հենարանի վրա դնել իրենց խորհրդանիշը` պայմանով, որ այն չի դժվարացնի նշանի ընկալումը:

Ճանապարհների այն տեղամասերում, որտեղ երթևեկության ռեժիմը որոշվում է գծանշման միջոցով, և եթե դրանք դժվար տեսանելի են (ձյուն, ցեխ և այլն) և ժամանակին չեն կարող վերականգնվել, ապա կարող են տեղակայվել նույն նշանակությունն ունեցող նշաններ:

Ժամանակավոր բնույթ կրող նշանները (շինարարական-նորոգման աշխատանքների, ճանապարհային պայմանների եղանակային յուրահատկությունների, արտակարգ իրավիճակների, տարերային աղետների դեպքում և այլն) պետք է ապամոնտաժվեն` դրանց անհրաժեշտությունը ծնող պատճառները վերացվելուց անմիջապես հետո: Նշանները կարող են ժամանակավորապես փակվել հատուկ ծածկոցներով:

Երթևեկության մասնակիցների ուշադրությունը հրավիրելու նպատակով բնակավայրերում կամ բնակավայրերից դուրս տեղակայված նոր նշանների կողքին կամ դրանց վրա, ինչպես նաև ճանապարհային նշանները հանելու դեպքում ցանկալի է մեկամսյա ժամկետով տեղադրել թարթող լուսային ազդանշաններ:

Ժամանակավոր տեղակայված նշանները պետք է հանվեն տեղակայման անհրաժեշտությունն առաջացնող պատճառները վերացվելուց հետո մեկ օրվա ընթացքում:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել