Արսեն Գզոգյանն ինքն իր վրա պարտավորություն էր վերցրել ՊՆ-ում տարբեր խնդիրներ լուծելու համար այս կամ այն անձից գումար վերցնել՝ պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով: Նրա գործունեության հետ կապված 7 անձի մեղադրանք է առաջադրվել:
Ըստ մեղադրական եզրակացության նախկինում դատապարտված Արսեն Գզոգյանը 2015թ. դեկտեմբեր և 2016թ. հունվար ամիսներին խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Արմավիր քաղաքում նույն քաղաքի բնակիչ Մհեր Ավետիսյանից կաշառք տալու պատրվակով ստացել և հափշտակել է խոշոր չափի 1.436.910 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար: Գումարը պետք էր, պաշտոնատար անձանց կաշառք տվեր, որպեսզի Մհեր Ավետիսյանի ծանոթ՝ Արտակ Աղաջանյանի որդուն` Արսեն Աղաջանյանին Վանաձորի զորամասում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության նշանակեին:
Մհեր Ավետիսյանին այս նույն գործով ևս մեղադրանք է առաջադրվել:
Մեկ այլ դեպքով Գզոգյանը Սերյոժա Առաքելյանից, որպես զինվորական թոշակառուի, իր բնակարանային փոխհատուցման ապահովման հարցը լուծելու համար լիազորություններն իրականացնող պաշտոնյաներին կաշառք տալու պատրվակով 2015թ. հունիս ամսին վերցրել է 1700 դոլար (803.301 ՀՀ դրամ), 100 դոլար (47.253 ՀՀ դրամ), սեպտեմբեր ամսին` 220.000 ՀՀ դրամ: Սեյոժա Առաքելյանին ևս մեղադրանք է առաջադրվել:
Մեղադրական եզրակացության համաձայն Սամվել Տողանյանը ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող որդուն Երևանում տեղակայված հոսպիտալներից մեկը, իսկ հետագայում` ՀՀ ՊՆ որևէ այլ զորամաս տեղափոխելու հարցը իրավասու պաշտոնատար անձանց միջոցով լուծելու համար 2016թ. փետրվարին Երևանում Արսեն Գզոգյանին տվել է 500 ԱՄՆ դոլար (244.500 ՀՀ դրամ):
Գզոգյանի մասնակցությամբ մեկ այլ դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել Արմեն Մկրտչյանին: Վերջինիս որդու՝ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայողի մասնակցությամբ զորամասում վիճաբանություն է տեղի ունեցել: Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և նրան քրեական պատասխանատվությունից ազատելու, և դատաբժշկական փորձաքննության ցանկալի եզրակացություն ստանալու հարցերը իրավասու պաշտոնատար անձանց միջոցով լուծելու համար 2016թ. փետրվարի վերջերին Արսեն Գզոգյանին որպես կաշառք տվել է 1800 ԱՄՆ դոլար (880.488 ՀՀ դրամ):
Պաշտոնի նշանակման հարցում ևս Գզոգյանը զերծ չի մնացել միջադեպերից: Դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել Էդգար Իսախանյանին: Իսախանյանը Արմավիրի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի զորակոչի խմբի պետն է եղել և Էջմիածնի զինվորական կոմիսարիատի 3-րդ բաժանմունքի պետի պաշտոնին նշանակվելու համար կապիտան Ենոք Իսունցի միջնորդությամբ 2016թ.-ին որպես կաշառք Արսեն Գզոգյանին տվել է 1500 ԱՄՆ դոլար (733.740 ՀՀ դրամ): Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ենոք Իսունցին:
Արսեն Գզոգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուս մեղադրյալներին՝ ստորագրություն՝ չհեռանալու ասին:
Որպես իրեղեն ապացույց դատարան են ներկայացվել Մհեր Ավետիսյանի, Ենոք Իսունցի, Սամվել Տողանյանի, Արմեն Մկրտչյանի, Էդգար Իսախանյանի անձնագրերը, Սերյոժա Առաքելյանի զինգրքույկը, 1700 ԱՄՆ դոլարը և «Երևան սիթի» խանութների ցանցի դրամարկղային կտրոնը, գաղտնալսման ձայնագրառման սկավառակը, հեռախոսազանգերի վերծանումներ պարունակող թվով 7 սկավառակները:
Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: