Դաշտում կան նաև չկարգավորված խնդիրներ. Կորյուն Նահապետյան

ԼՂՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության ու ՀՀ խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ ԼՂՀ ԱԺ նախագահի և փոխնախագահի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում մշտական հանձաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Կորյուն Նահապետյանն ամփոփել են նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի անդամների այցի ծրագրի շրջանակում իրականացրած աշխատանքների  արդյունքները:

Նշենք, որ երկու խորհրդարանների հանձնաժողովների անդամները այդ ընթացքում եղել են մի շարք զորամասերում, մարտական դիրքերում, հանդիպումներ են ունեցել շրջանների վարչակազմերի և ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ:

Խոսելով խորհրդարանական համագործակցությունից՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է խնդիրների օպերատիվ քննարկման անհրաժեշտությունը:

«Շատ կարևոր է, որ մենք ճիշտ ժամանակին կարողանանք մտքերի փոխանակում կազմակերպել, կարծիքներ ձևավորել և հանդես գալ համապատասխան նախաձեռնություններով՝ այդ թվում նաև օրենսդրական: Դաշտում կան նաև չկարգավորված խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ, իսկ այստեղ խորհրդարանականների դերը մեծ է»:

Գոհունակություն հայտնելով երկու հանձնաժողովների համագործակցության աշխատանքներից՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այն օրինակելի է համարել միջխորհրդարանական համագործակցության համար:

«Խորհրդարանների ղեկավարության անունից պատրաստակամություն եմ հայտնում համագործակցության այսպիսի նախաձեռնություններին մշտապես աջակցել և անել ամեն ինչ, որպեսզի դրանք գործնական արդյունքի հասնեն»,-նշել է ԼՂՀ ԱԺ նախագահը:

Նիստի ընթացում պատգամավորները քննարկել են երկու հանձնաժողովների հետագա անելիքները և ուրվագծել մի շարք ուղղություններ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանը:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել