Բոլոր ժամանակներում էլ մարդիկ ունեցել են կրոնական նշանակության վայրեր, ուր այցի են գնացել՝ հոգևոր պահանջմունքները բավարարելու և Աստծուն (կամ աստվածներին) երկրպագելու։
.
Ըստ ժողովրդական ստուգաբանության «Տաճար» բառի բացատրություններից մեկն այն է, որ մարդիկ գնացել են տվյալ սրբատեղին և Աստծուց խնդրել, որ իրենց խնդրին ՏԱ մի ՃԱՐ: Եվ նման սրբավայրերը սկսել են անվանել «Տաճար»:
.
«Այսօր էլ հայ ժողովրդի մեծամասնությունն իր հոգևոր պահանջմունքներն է հոգում և բավարարություն գտնում Հայ առաքելական եկեղեցում, իսկ եկեղեցի բառն առաջացել է հուն. էկլեսիա բառից, որը նշանակում է ժողով, ժողովարան, հավաքատեղի, իսկ ընդհանրական իմաստով՝ քրիստոնեական հայանք։ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից և ըստ ՀՀ Սահմանադրության Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
.
Վերջինիս խոսքով՝ թեև հայ ժողովուրդն առաջինն է եղել, որ 301թ. Քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, սակայն այժմ ՀՀ-ում չկա պետական կրոն հասկացություն և համաձայն ՀՀ Սահմանադրության` յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզելու եկեղեցական արարողությունների և պաշտամունքային այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը:
.
Այդ իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
.
Աղբյուրը՝ Իրավաբան.net