Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երկու վճիռ է ընդունել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Երկու գործերով էլ ՄԻԵդ-ը արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում:
Այսպես, «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ-ին վճիռը ուժի մեջ մտնելուց եռամյսա ժամկետում գանգատաբերին վճարել 3100 եվրո՝ որպես խախտված իրավունքի փոխհատուցում: Գանգատաբերը մեղադրվել է Ղազախստանում կատարված սպանության մեջ, նրա դեմ վկայություններ են տվել նաև Ղազախտանում գտնվող անձիք և նա հնարավորություն չի ունեցել հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին: Դատավճիռ կայացնելիս դատարանը հիմնվել է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների և դեպքի վայրի տեսաձայնագրության վրա, որը չի հետազոտվել դատաքննության ընթացքում:
«Վարդանյանը և Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով գանագատաբերները զրկվել են իրենց պատկանող հողամասից և բնակելի տնից, որը գտնվել է պետական կարիքների համար նախատեսված իրացման գոտում: Նշել են, որ իրենց 276 միլիոն արժեքով սեփականության դիմաց փոխհատուցել ընդամենը 54 միլիոն դրամ։ ՄԻԵԴ-ը վճռում նշում է, որ կառավարությունն ու դիմող կողմիը եռամյա ժամկետում փոխհամաձայնեցնել վնասի չափը, հակառակ դեպքում ՄԻԵԴ-ը կսահմանի այդ չափը:
Այս գործի վերաբերյալ փաստաբան Երվանդ Վարոսյանը հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Եվրոպական դատարանի կողմից այսօր ընդդեմ Հայաստանի կայացված որոշումն (Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի) ինձ համար աննախադեպ է։ Եվրոպական դատարանն արձանագրել է Հայաստանի քաղաքացիների` արդար դատաքննության իրավունքի խախտում, դատավարության կողմերի միջև հավասար մրցակցության իրավունքի խախտում։
Բայց հազվադեպ որոշումներից է, որ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հստակ գնահատական տալով հայ դատավորի գործողություններին, որոշման մեջ մեջբերումներ են արված դատական նիստին հայ դատավորի կողմից հնչած արտահայտություններից, և հատկապես հայ դատավորի գործողություններն են նաև հիմք հանդիսացել Հայաստանի դեմ կայացված որոշման։
Իսկ այդ հայ դատավորը (ինչպես որոշման մեջ է նշված judge M.) ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է։
Սա եվրոպական դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գնահատական է տրվել բարձրագույն դատական պաշտոնյայի վարքին՝ գնահատելով այն դատական կարևորագույն հատկանիշի՝ անկողմնակալության սկզբունքի խախտում…»: