Ազգային ժողովն այսօր սկսեց դատապարտյալներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումը: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը խորհրդարանին ներկայացրեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Այս օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում գտնվող, ինչպես նաև քրեական պատիժների համար ազատազրկման կամ այլ պատժի դատապարտված անձանց մասնագիտական, ուսուցման իրավունքի և այդ իրավունքի իրացման համար մեխանիզմների ամրագրմամբ: Գործող քրեակատարողական օրենսդրությամբ ներկայումս դատապարտյալն ունի նման իրավունք, այդուհանդերձ ուսումնասիրելով միջազգային փորձը կարծում ենք, որ դատապարտյալը մասնագիտական ուսուցման իրավունք ունի»,- նշեց նախարարի տեղակալը և մանրամասնեց. «Մենք ուսումնասիրելով միջազգային փորձը, շատ կարևոր լուծում ենք առաջարկում, որ պատիժը կրող անձը ազատվելուց վեց ամիս առաջ օրենքի ուժով դառնա Զբաղվածության պետական ծառայության շահառու և ըստ այդմ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավորություն ունի ներկայացված նախագծերով 6 ամիս առաջ իրազեկել քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին, որ առաջարկվում է մասնագիտական ուսուցման ծրագրեր և եթե դատապարտյալը ցանկանում է մասնակցել, ապա քրեակատարողական հիմնարկի ներսում դա կապահովվի»:
Այսկերպ դատապարտյալը հնարավորություն կունենա որոշակի արվեստ սովորել, տիրապետել հմտությունների, մասնակցել համակարգչային դասընթացներին, նրան կուսուցանեն օտար լեզուներ և այլն:
Այն անձիք, որոնք դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատժատեսակների ու քրեակատարողական հիմնարկում չեն պատիժը կրում, նրանք նույնպես Զբաղվածության պետական ծառայության շահառուն են լինում՝ օգտվելով մի շարք ծառայություններից:
Սուրեն Քրմոյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս ստեղծվել է կրակայրիչների արտադրամաս, Աբովյան քաղաքում՝ վարսահարդարման սրահ, որի աշխատակիցները կին դատապարտյալներ են:
Իրավաբան.net