ԱԺ նիստում այսօր քննարկվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ քաղաքացիության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն էր:
Փոխոստիկանապետն իր ելույթում նշեց. «Օրինագծերով նախատեսվում է ուժը կորցրած չանաչել ՀՀ քաղաքացիների կողմից այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում ոստիկանությանը հայտնելու պարտականությունը և այն չկատարելու համար պատասծանատվություն նախատեսող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.2 հոդվածը, որով սահմանվում է 50.000 ՀՀ դրամ տուգանք»:
«Հիշյալ դրույթը գործնականում կիրառելի չէ: Երկքաղաքացիության մասին հայտնելու պարտականությունը կարող է հասցեագրվել միայն պաշտոնի նշանակվող անձանց»,-ընդգծեց Եղիազարյանը:
Փոխոստիկանապետը նշեց, որ ըստ իրենց տվյալների երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 95 հազար է, որից 80 տոկոսը Հայաստանում է:
ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը հարց բարձրացրեց այն մասին, որ շատ ՀՀ քաղաքացիներ հանձնվում են և փորձում գնալ ու անվճար բնակվել եվրոպական տարբեր երկրների ճամբարներում, և վերջում գործնականում ոչ մի երկրի քաղաքացի չեն դարձել, և նաև այն, թե որ երկրում են ամենից շատը ՀՀ քաղաքացիները ստանում երկրորդ քաղաքացիություն: Հարցերին պատասխանելով՝ Եղիազարյանը պատասխանեց, որ նման հաշվառում չունեն, իսկ երկքաղաքացիություն ստացած ամենաշատ հայերը ՌԴ-ում են: