ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր 4 նոր հրամանագրեր է ստորագրել: Դրանցից առաջինով Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին երկրի ղեկավարը պարգևատրել է Փառքի շքանշանով:
Մեկ այլ հրամանգրով՝ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ դիվանապետ բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը արժանացել է Պատվո շքանշանի, նույն պարգևին է արժանացել նաև Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ բարեխնամ իշխան Դոմինիկ դը Լա Ռոշֆուկո-Մոնբելին:
Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև համագործակցության ամրապնդման և բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: