«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոնի վիճակը դեռ ծանր է

«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոնի վիճակը ծանր է, բայց հույս տալիս են: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց երիտասարդի նշանածը՝ Ա.Թովմասյանը: Նա որոշակի մանրամասներ հայտնեց.

«Լևոն իր մեքենայով է հիվանդանոց հասել: Վիճակը շատ ծանր է եղել, սկզբում հույս չէին տալիս: Երեկ երեկոյան անջատվել է սրտին միացված ապարատը ու Լևոնի սիրտն արդեն ինքնուրույն է աշխատում:

Հիմա Լևոնի սիրտը նորմալ չի կծկվում, որ արյուն մղի: Վիճակը ծանր է, բայց հույս տալիս են: Նրան հսկող սրտաբանի տվյալներով՝ գիշերը վիճակը ստաբիլ է եղել: Դեռ մի քանի ժամ էլ պետք է սպասենք, եթե փոփոխություն չեղավ, հնարավոր է արդեն կայունանա»,-ասաց Լևոն Սահակյանի նշանածը:

Նա նաև խնդրում է բոլոր լրատվամիջոցներին՝ ապատեղեկատվություն չտարածել:

22-ամյա Լևոնը մասնագիտությամբ բժիշկ է: Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի՝ Տիգրան Սահակյանի որդին է և Սևան քաղաքի բնակիչ: Նա գնացել է Երևանի Թերլեմեզյան 3 հասցեում գտնվող «Պատանի լրագրողների» դպրոց, որպեսզի հասկանա, թե իր նշանածի ղեկավարը՝ Վահան Ղազարյանը, ինչու չի վճարում խոստացած աշխատավարձը: Տեղի է ունեցել դանկահարությունը:

Նշենք նաև, որ Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր  տարածել, որ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23.20-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ձախ կրծքավանդակի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բժշկական օգնության է դիմել 1994թ. ծնված Լևոն Սահակյանը։

Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, և սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վ.Ղազարյանը։

Լուսանկարները՝ Ա.Թովմասյանի ֆեյսբուքյան էջից:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել