Քաղաքացուն պատշաճ ծանուցում չեն ուղարկում վարչական ակտի մասին. վարչապետ

Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում կան դժգոհություններ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեության հետ: Այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա՝ հիմնական դժգոհություններն առաջանում են ՃՈ տուգանքների ակտերի հարկադիր կատարման ոլորտին: Վարչապետը հաստատեց այն, ինչ տևական ժամանակ բարձրաձայնում են փաստաբանները՝ քաղաքացիների ծանուցման համակարգը լիարժեք չի գործում. «Քաղաքացուն պատշաճ ծանուցում չեն ուղարկում վարչական ակտի մասին, սակայն նրա դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում»,- ընդգծեց կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով արդարադատության նախարարին՝ քայլեր ձեռնարկել կատարողական ոլորտն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Վարչապետը սահմանեց հստակ ժամկետներ, նա հանձնարարեց եռամսյակը մեկ ամփոփել ոլորտում առաջացած խնդիրներն ու ներկայացնել, թե ԴԱՀԿ-ի որ օղակներն են թերանում՝ չպահպանելով օրենսդրական նորմերը:

Բացի այդ, հանձնարարվեց նաև մեկ ամսվա ընթացքում հստակ առաջարկություններ ներկայացնել, որպեսզի անձը, ում գույքը արգելանքի է ենթակա պատշաճ կերպով ծանուցվի՝ լինի դա էլեկտրոնային փոստի միջոցով կամ էլեկտրոնային հաղորդագրության՝ «sms»-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել