Կարևոր փոփոխություններ կլինեն քրեական դատավարության օրենսգրքում

Նախաքննության ժամկետների հարցում փոփոխություններ են իրականացվելու: Արդարդատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծ: Նա ասաց. «Կարևոր կետերից մեկը վերաբերում է նախաքննության ժամկետի երկարաձգման խնդրին, այսօր միշտ երկու ամսից ոչ պակաս ժամկետով է երկարացվում, մինչդեռ այս կարգավորմամբ հնարավորություն է տրվում մինչև երկու ամիս, այն դեպքում, երբ դատախազը կորոշի, որ անհրաժեշտ է 10 կամ 15 օր, ոչ թե երկու ամիս»,- կառավարության նիստին ասաց նախարարը:

Նրա խոսքերով՝ նախագծի կենտրոնական կարգավորումը, որը մինչ այս պահը չի եղել, հսկող դատախազի գրավոր ցուցումների  և որոշումների վերաբերյալ վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելն է. «Այսինքն՝ մինչ այս պահը քննիչին իրավունք վերապահված չի եղել հսկող դատախազի ցուցումը բողոքարկել վերադաս դատախազին, այս նախագծին այդ իրավունքը վերապահվում է, իր մտահոգությունները, որոնք քննիչը կունենա քրեական գործի հետ կապված իրավունք կունենա բողոքարկել վերադաս դատախազին»,- ասաց նախարարը:

Բացի այդ, նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է պարզապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածում լրացում կատարել, ինչը հնարավորություն կտա վարույթն իրականացնող մարմնին միացնել նաև իրենց էությամբ նմանատիպ կամ մեկ վարույթի շրջանակներում առավել հեշտ բացահայտման ենթակա հանցակազմերի հատկանիշներով հարուցված քրեական գործերը՝ ելնելով վերջիններիս փաստական կազմի նմանությունից:

Ելնելով քրեադատավարական օրենսդրությամբ դատախազի կայացրած անհիմն կամ անօրինական որոշումները վերացնելու պատշաճ կառուցակարգեր նախատեսելու անհրաժեշտությունից, ինչպես նաև քրեական դատավարությունում զսպումների ու հակակշիռների ապահովման պահանջից՝ Նախագծում առաջարկվում է քննիչին իրավունք վերապահել գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին հսկող դատախազի գրավոր ցուցումների կամ որոշումների վերաբերյալ՝ չկասեցնելով դրանց կատարումը:

Իսկ քրեական դատավորության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 27-րդ կետում առաջարկվող փոփոխությամբ դատախազի ցուցումների հետ համաձայն չլինելու դեպքում քննիչին հնարավորություն է տրվում անհապաղ, բայց ոչ ուշ քան եռօրյա ժամկետում դրանց վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ առանց այդ ցուցումները կատարելու: Միաժամանակ, նման ցուցումների ցանկը հստակեցվում է և լրացվում նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու ցուցումով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի  կիրառության հետ կապված պրակտիկայում անխուսափելիորեն առաջացող խնդիրների վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Նախագծում առաջարկվում է նախատեսել քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելը ստուգելու համար օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետի երկարաձգման հնարավորություն ընդհանուր առմամբ մինչև 30 օր ժամկետով` հսկող դատախազի որոշմամբ: Ընդ որում, խոսքը վերաբերում է այն բացառիկ դեպքերին, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը, և եթե առանց այդ փորձաքննության եզրակացությունը ստանալու հնարավոր չէ լուծել քրեական գործ հարուցելու կամ մերժելու հարցը:

Նախագծով առաջարկվում է ՀՀ քր. դատ. օր.-ի 174-րդ հոդվածի 2-րդ մասում «շահագրգիռ անձը» բառերը փոխարինել «դիմողը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները և ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը» բառերով և, միաժամանակ, սահմանել, որ սույն անձանց կողմից կարող են վերականգնվել միայն իրենց կողմից բաց թողնված ժամկետները:

Վերոնշյալ հոդվածում նաև հստակություն է մտցվել՝ սահմանելով, որ բաց թողնված ժամկետը վերականգնելուց հետաքննության մարմնի կամ քննիչի հրաժարումը կարող է բողոքարկվել հսկող դատախազին, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելուց հսկող դատախազի հրաժարումը՝ վերադաս դատախազին:

Նախագծով, միաժամանակ, լուծվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ պարբերության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի կարգավորումների մեջ առկա հակասությունը՝ հստակ նշելով, որ բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

Նախարարը նշեց՝ քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը մինչև տարվա վերջ չի ընդունվի, նպատակահարմար է նախագիծը ճանաչել անհետաձգելի:

Կառավարությունը ընդունեց նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել