Հայաստանի Հանրապետությունում ներկայումս չկա ռեդոմիցիլացման ինստիտուտ։ Արձանագրում է կառավարությունը և հավելում, որ այս ինստիտուտի շնորհիվ մի երկրի կազմակերպությանը հնարավորություն է տրվում տեղափոխվել այլ պետություն՝ շարունակելով իր գործունեությունը։
Ի տարբերություն այլ երկրում նոր իրավաբանական անձ ստեղծելու, ակտիվները և պասիվները փոխանցելու և լուծարվելու տարբերակի, որը բարդ և ժամանակատար գործընթաց է, ռեդոմիցիլացումը հեշտացված գործընթաց է և չի պահանջում իրավաբանական անձի լուծարում։
Ներկայումս բազմաթիվ երկրներում հաջողությամբ աշխատում է նշված ինստիտուտը և հնարավորություն է ընձեռում ներգրավել օտարերկրյա ներդրումներ, դառնալ բիզնեսի համար բարենպաստ կենտրոններ։
Մի շարք երկրների (որոնց թվում, Իռլանդիան, Մալտան և Կիպրոսը) դիտարկումը ցույց է տալիս, որ ռեդոմիցիլացման ինստիտուտի ներդրումը դրական է անդրադառնում երկրի տնտեսության և կորպորատիվ ոլորտի զարգացման վրա։ Նույն ուսումնասիրությունը նաև հավաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման ինստիտուտի ներդրումը նույնպես հնարավոր է։
Նշված ինստիտուտը ներդնելու համար անհրաժեշտ է լրացում կատարել Հայաստանի հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները և Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները՝ ռեդոմիցիլացման հայկական ինստիտուտի հայեցակարգի հիմքում սույն նախագծում դրվել է իրավաբանական անձի որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձ գրանցվելու, իր կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու և Հայաստանի Հանրապետություն ակտիվների և պասիվների ամբողջ ծավալով տեղափոխվելու մոտեցումը։
Միևնույն ժամանակ ինստիտուտը կարգավորվել է այնպես, որ պարտատերերի և պետության համար ապահովվեն լրացուցիչ երաշխիքներ ռեդոմիցիլացվող իրավաբանական անձից իրենց հանդեպ ունեցած պարտավորությունները պատշաճ կատարելու, սնանկությունից չխուսափելու համար։
Հայաստանի հանրապետությունից ռեդոմիցիլացման համար նախատեսվել է ռեդոմիցիլացման գրանցման ընթացակարգ՝ վերահսկողություն սահմանելու և պարտատերերի ու Հայաստանի Հանրապետության իրավունքների իրացման ապահովվման նպատակով։
Ինստիտուտի ներդրումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց և նրանց կապիտալի ներհոսք, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում, տնտեսության և կազմակերպաիրավական ոլորտի վերընթաց զարգացում։
Իրավաբան.net