Նոր օրենսդրական փոփոխությամբ կհստակեցվեն սեփականատիրոջ և գույքն օգտագործողի միջև հարաբերությունները

Մինչ օրս ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, թեպետ նախատեսել է սերվիտուտի ինստիտուտը, սակայն սահմանափակվել է միմիայն «գույքային սերվիտուտով»: Այս մասին ասվում է կառավարության նախագծում՝ ներկայացված արդարադատության նախարարության կողմից:

Ըստ գերատեսչության՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սերվիտուտ պահանջելու իրավունքը ուղղակիորեն կապել է մեկ այլ հողամասի տիրապետման և օգտագործման անհրաժեշտության հետ: Տվյալ դեպքում սերվիտուտի առկայությունը կապված է ոչ թե սերվիտուտ պահանջող անձի, այլ վերջինիս սեփականության կամ օգտագործման ներքո գտնվող անշարժ գույքի հետ: Դա է պատճառը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն սերվիտուտով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցվելիս սերվիտուտը պահպանվում է: Միաժամանակ` սերվիտուտ պահանջող անձի փոփոխման դեպքում սերվիտուտի դադարման հիմք ևս չի նախատեսվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Վերը նշվածով է պայմանավորված ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված սերվիտուտի գույքային բնույթը (գույքային սերվիտուտ):

Մինչդեռ, ԱՆ-ում վստահ են, որ ժամանակակից քաղաքացիական հարաբերություններում իր ուրույն տեղն ունի նաև «անձնական սերվիտուտը», ինչը նշանակում է, որ սերվիտուտի պահանջը ոչ թե բխում է սերվիտուտ պահանջող անձի գույքը տիրապետելու կամ օգտագործելու անհրաժեշտությունից, այլ կոնկրետ անձից և/կամ նրա կարգավիճակից, ծավալած գործունեությունից և այլ գործոններից: Ընդ որում տվյալ դեպքում սերվիտուտ ստացած անձի փոփոխման դեպքում անձնական սերվիտուտը պետք է դադարի: Սրանով է պայմանավորված սերվիտուտի «անձնավորված» բնույթը:

Անձնական սերվիտուտը լայն տարածում ունի եվրոպական տարբեր երկրներում և այն ունի կարևոր տնտեսական նշանակություն: Հետևաբար նպատակահարմար է նախատեսել նաև ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ:

Սերվիտուտին վերաբերվող կարգավորումները ընդգրկված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-217-րդ հոդվածներում, որտեղ մանրամասն կարգավորվում է սերվիտուտի հասկացությունը, սերվիտուտով գույքի ծանրաբեռնելու դեպքերը (հողամասով անցնելու, ջրամատակարարման, և այլն), սերվիտուտի տեսակները, սերվիտուտի դադարման հիմքերը և այլն:

Նախագծով սահմանվում են ուրիշի գույքի սահմանափակ օգտագործման (սերվիտուտի) տեսակները՝ գույքային սերվիտուտը և անձնական սերվիտուտը:

Նախագծով հստակեցվել է գույքային սերվիտուտի հասկացությունը, նախատեսվել է նաև բացասական սերվիտուտի ինստիտուտը, այսինքն, նախատեսվել է, որ սերվիտուտի ուժով գերակա գույքի սեփականատերն իրավունք ունի ոչ միայն ինքնուրույն օգտվելու ծառայող գույքից (դրական սերվիտուտ), այլ նաև՝ ծառայող գույքի սեփականատիրոջը արգելել այդ գույքից որոշակի ձևով օգտվել (բացասական սերվիտուտ):  Տեսական գրականության մեջ շեշտվում է սերվիտուտի դրական և բացասական օրենսդրական դասակարգման անհրաժեշտությունը, նշելով, որ հարևան հողամասից օրինակ օդի, լույսի ներթափանցմանը խոչընդոտող գործողությունների կատարման ժամանակ նեգատոր հայցը չի կարող լիարժեք կատարել իր դերը (ինչպես շեշտվում է տեսական գրականության մեջ, նեգատոր հայցի պարագայում թեկուզև որոշակի չափով պետք է առկա լինի ոչ իրավաչափ հանգամանք, ըստ քաղ. օրենսգրքի խախտում, և եթե անձը խախտում չի կատարում, ապա բացասական սերվիտուտի ուժով արգելվում է սեփականատիրոջը օգտվել գույքից այդ ձևով):

Նախագծով որպես անձնական սերվիտուտի տարատեսակ նախատեսվում է ուզուֆրուկտի ինստիտուտը, որն առհասարակ բացակայում է գործող ՀՀ օրենսդրությունից:

Նախագծով սահմանվում է ուզուֆրուկտի հասկացությունը, ուզուֆրուկտ ստացող անձանց շրջանակը և ուզուֆրուկտի հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ դրույթներ:

Նախարարի խոսքերով՝ նշված փոփոխությունների կատարմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կունենանք հստակ ձևակերպված «անձնական» սերվիտուտի ինստիտուտը: Արդյունքում` սերվիտուտ հնարավոր կլինի սահմանել ոչ միայն պայմանավորված անձի կողմից իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի (հողամասի) օգտագործման անհրաժեշտությամբ, այլ կապված կոնկրետ անձից, նրա կարգավիճակից, ծավալած գործունեությունից: Կլուծվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ արտաքին գովազդով զբաղվող կազմակերպությունների կողմից իրենց ցուցանակները այլ սեփականատերերի հողամասերում տեղադրելու, կամ փոքր ճարտարապետական նմուշներ (օր.՝ արձաններ) տեղադրելու հետ կապված հարաբերությունները, որոնք այսօր կամ չեն կարգավորված, կամ թերի են կարգավորված (հիմնականում հիմնված են պարտավորական իրավունքի վրա՝ վարձակալություն, անհատույց օգտագործում և այլն):

Ուզուֆրուկտի ամբողջական ներմուծումը հայկական իրավունք առավել որոշակի կդարձնի սեփականատիրոջ և գույքն օգտագործողի միջև հարաբերությունները:

Գործադիրը հաստատեց նախագիծը, որին կարող եք ծանոթանալ այստեղ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել