ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների շրջանառության ոլորտում կիրականացվի համաձայնեցված քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը համապատասխան արձանագրությամբ 2015 թվականի դեկտեմբերի 2-ին միացել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին»:

Այս համաձայնագրով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների՝ որպես սոցիալական կարևոր նշանակության արտադրանքի, շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները՝ հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի նոյեմբերի 29-ի պայմանագրի վրա:

Կառավարությունն այսօր հավանության տվեց «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված արձանագրությանը հավանություն տալու մասին համաձայնագրին:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ համաձայնագրի ընդունումն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցությունը զարգացնելու, առևտրային ու տնտեսական կապերն ընդլայնելու, անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղամիջոցների հասանելիությունն ապահովելու, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկա ձևավորելու, փոխադարձ առևտրում չհիմնավորված սահմանափակումները վերացնելու, ինչպես նաև դեղագործական արդյունաբերության զարգացման, անդամ պետությունների տարածքներում արտադրվող դեղագործական արտադրանքի մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկա դուրս գալու համար օպտիմալ պայմաններ ստեղծելու համար:

Գործադիրում վստահ են, որ համաձայնագրի արդյունքում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության ոլորտում կիրականացվի համաձայնեցված քաղաքականություն և կբարձրանա դեղամիջոցների անվտանգության, արդյունավետության և որակի, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման երաշխիքների ապահովման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել