Կառավարությունը նպատակադրված է այնպես անել, որ զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցությունն ապահովվի, իսկ զինվորական ծառայությունը դիտարկվի որպես կրթության և դաստիարակության, օրինապաշտ քաղաքացու ձևավորման կարևոր գործընթաց:
Այս մասին գործադիրն ազդարարել է իր ծրագրում: Բացի այդ, խնդիր է դրված կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորություններն ընդլայնել:
Կառավարության ծրագրում պաշտպանության ոլորտին առնչվող մյուս դրույթները բավականին ընդհանրական են, չկան հստակ ժամկետներ ու ցուցիչներ:
Օրինակ՝ նախատեսվում է ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար ռազմական կարողությունների ստեղծմանն ու տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում:
Կամ էլ ծրագրով նախատեսվում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովում, ինչը նախատեսված է հենց օրենսդրությամբ: