Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրները միայն օրենսդրական փոփոխություններով չեն լուծվի: Ասում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Ամբողջական խնդիրներին լուծում տալու համար հարկավոր է հասարակության մասնակցությունը, միայն օրենք ընդունելն ու ստուգելը քիչ է: Ուղևորափոխադրումը կատարում է կոնկրետ մարդը, ավտոբուսի վարորդը, պետք է ողջ հասարակությամբ աշխատենք, որ բոլորը կատարեն իրենց պարտականություններն ու որակյալ ծառայություններ մատուցեն»,- նշեց նախարարը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ՌԴ-ի Տուլա քաղաքում տեղի ունեցած վթարից հետո նախարարությունը ձեռնարկեց միջոցառումներ, որպեսզի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները գան օրինական դաշտ. «Դա պահանջում էր օրենքի փոփոխություն, մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները, որն անցել է առաջին ընթերցումը, սպասում ենք երկրորդ և երրորդ ընթերցմանը, որպեսզի փոփոխություններն օրենքի ուժ ստանան»:
Այս փոփոխություններով կառավարությունը նախատեսում է խիստ վերահսկողություն սահմանել տոմսերի վաճառքի վրա, մեխանիզմներ ներդնում, որպեսզի ոչ կանոնավոր փոխադրումը լինի իսկապես այդպիսին, այսինքն՝ կատարվի միայն պատվերով, պայմանագրի առկայության դեպքում և ուղևորների անվանացանկը պետք է ևս վերահսկվի հետդարձի ճանապարհին:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը անդրադարձավ նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 14-ին Ռուսաստանում տեղի ունեցած վթարի դեպքին, որի հետևանքով ՀՀ 5 քաղաքացի մահացել է. «Առաջին իսկ օրը օդանավով Հայաստան տեղափոխվել են 27 անձիք և մեկ դիակ, 27 անձանցից 11 մենք ամբուլատոր բուժօգնություն ենք ցուցաբերել, ներկայումս ՀՀ որևէ հիվանդանոցում տուժածներ չկան, իսկ ՌԴ-ում այժմ գտնվում են 4 անձիք, մեկը ծանր վիճակում է, մյուս երկուսը տեղափոխվել է այլ քաղաք՝ վիրահատության համար, մեկը աչքի վնասում ունի, վաղը կլինի Հայաստանում»,- տեղեկացրեց պարոն Պողոսյանը:
Իրավաբան.net