Ինչպես երեկվա վթարը Սևան-Երևան ավտոճանապարհին, որի արդյունքում մեկ անձ զոհվել է, այնպես էլ նախորդ շաբաթ ՌԴ-ում հայ ուղևորներին տեղափոխող ավտոբուսի վթարի դեպքը նույնանման են: Նման կարծիք ունի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա, անդրադառնալով երեկվա վթարին, ասաց. «նույնատիպ դեպք է, ճանապարհը եղել է մաքրած, հիմնական վարկածը՝ մաշված անվադողերն են»: Նախարարը նաև շեշտեց, որ հարկավոր է վերահսկողությունը խստացնել. «Պետք է կանոնակարգել բոլոր ուղևորափոխադրումները, ես կավելացնեի տաքսիների հարցը, այնտեղ մենք նույնպես բավականին խնդիրներ ունենք»,- ընդգծեց նա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը անդրադարձավ ՌԴ-ում նախորդ շաբաթ գրանցված ավտոբուսի վթարին, որի արդյունքում ՀՀ 5 քաղաքացի զոհվեց, նշելով, որ եղել է դեպքի վայրում: Նախարարի տեղակալի խոսքերով` բեռնատարը, որին բախվել է ավտոբուսը, կայանված է եղել ճանապարհից դուրս, այսինքն՝ ճանապարհային երթևեկության կաննոների խախտմամբ չի եղել կայանումը. «Այնպես որ
կարելի է բացառել, որ մեքենայի ոչ ճիշտ տեղում կայանված լինելու հանգամանքի արդյունքում է գրանցվել դեպքը: Թե ինչի՞ հետևանքով է եղել վթարը, նշեմ, որ հետաքննիչը խնդրել է առայժմ հապշտապ եզրակացություններ չանել, բոլոր վարկածները շրջանառության մեջ են` տեխնիկական անսարքությունը, մարդկային գործոնը և այլն: Մենք առայժմ պաշտոնական ոչ մի փաստաթուղթ չենք ստացել»,- փոխանցեց նախարարի տեղակալը: