Կառավարությունից այսօր մեզ տեղեկացրին, որ եթե հավատարմագրված ենք գործադիրում, ապա կարող ենք նիստերը լուսաբանել և մուտք գործել շենք նաև առանց հավատարմագիրը ներկայացնելու, այլ սեփական բեյջով:
Մինչ այս կառավարության հավատարմագիրը մոռանալու դեպքում, լրագրողները ներկայացնում էին անձնագիր: Փաստորեն գործադիրում որոշել են անհարկի խոչընդոտներ չստեղծել լրագրողների համար և լուսաբանման գործընթացն իրականացնել առանց ավելորդ քաշքշուկների:
Այս իրականության հակապատկերն է Ազգային ժողովը, ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, որի ղեկավարը Արսեն Բաբայանն է մեկ տարի առաջ սկսեց արհեստական խոչընդոտներ ստեղծել լրագրողների համար:
Նախ կարգ էր սահմանվել, որ բոլոր լրագրողները պետք է Ազգային ժողովի հավատարմագրերը կրեն տեսանելի հատվածում՝ վզից կախված, ընդ որում՝ ԱԺ բյուջեից գումար էր ծախսել ու ձեռք բերել երեք էջանոց հավատարմագրեր և այն էլ տարբեր գույների, չգիտես ինչու՝ էլեկտրոնային լրատվամիջոցներն արժանացել էին վարդագույն հավատարմագրերի:
Ինչևէ, ներկայումս ԱԺ-ն փորձում է ամեն կերպ սահմանափակել տեսախցիկով մուտքը խորհրդարան, եթե լրատվամիջոցը հավատարմագրված չէ, սակայն ԱԺ պատգամավորի հետ պայմանավորվում է շենքի ներսում նկարահանում իրականացնել ու ստանում է անցագիր, ապա մուտք գործելիս ԶԼՄ ներկայացուցիչ նաև պահանջում են տեսախցիկի համար հատուկ թույլտվություն ներկայացնել:
Տվյալ պարագայում, ավելորդ է խոսել այն դեպքերի մասին, երբ հավատարմագրված լրագրողը մոռանում է ԱԺ-ում իր հավատարմագիրը ու անձնագիր չունի: