Փաստաբանը դիմել է դատարան՝ ընդդեմ Փաստաբանների պալատի

Փաստաբանական պալատի խորհրդի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս երկու հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Փաստաբանական պալատի: Երկու հայցով էլ պահանջ է ներկայացված Փաստաբանների պալատի նախագահին՝ տեղեկություններ տրամադրել պարտավորեցնելու վերաբերյալ:

Նախորդ շաբաթ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցով փաստաբանը դատարանին խնդրում է պարտավորեցնել ՓՊ նախագահին տրամադրել 2015 թ-ի ընթացքում ստացված 180 դիմում-բողոքների պատճենները, որոնց քննարկման արդյունքում կարգապահական վարույթներ չեն հարուցվել, ինչպես նաև այդ դիմում-բողոքների քննարկման արդյունքում կայացված որոշումների, դիմումների հեղինակներին առաքված գրությունների պատճենները։

Այսօր առավոտյան նույն դատարան ներկայացված երկրորդ հայցով Երվանդ Վարոսյանը խնդրում է դատարանին՝ պարտավորեցնել ՓՊ նախագահին տրամադրել տեղեկություններ  ՀՀ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի օժանդակ աշխատակիցների վերաբերյալ, ներառելով այդ աշխատակիցների քանակը, անուններն ու ազգանունները, զբաղեցրած պաշտոններն ու գործառույթները՝ 2015թ. սկզբից մինչ օրս, ինչպես նաև  ՀՀ փաստաբանների պալատում աշխատող ՀՀ փաստաբանների պալատի նախագահի բոլոր բարեկամների ու հարազատների վերաբերյալ, ներառելով տեղեկություններ այդ անձանց կողմից զբաղեցրած պաշտոնների ու այդ պաշտոններում նշանակվելու համար նրանց ընտրության մեխանիզմի  վերաբերյալ:

Մինչ դատարան դիմելը, փաստաբանն այս տեղեկությունները պահանջել է Փաստաբանների պալատի նախագահից, սակայն մերժում է ստացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել