ՌԴ տարածում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու և տեղում աշխատանքները կազմակերպելու համար այսօր ՌԴ են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:
Նշենք նաև, որ այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նամակով դիմել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` ՌԴ ԱԻՆ օգնությամբ մարդասիրական ավիափոխադրում իրականացնելու համար:
Ռուսաստանում կապն ապահովում և աշխատանքը համակարգում է ՌԴ-ում ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանը:
ՌԴ ԱԻՆ օդանավը Մոսկվայից կուղևորվի Բեսլան, այնուհետև` Երևան:
Օդանավի թռիչքի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ: