Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները:
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքով առաջարկվում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխային` մինչեւ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտված անձին կամ ամուսիններին հանձնելը, անցկացնել ԴՆԹ-ի թեստ, ինչը հնարավորություն կտա պարզելու, թե արդյոք նշված անձը(ինք) հանդիսանում է (են) երեխայի կենսաբանական ծնող(ներ)ը (կամ առնվազն նրանից մեկը) եւ դրական արդյունքի դեպքում միայն երեխան կհանձնվի վերջին(ներ)իս: Նման պահանջ սահմանվում է նաեւ փոխնակ մոր ինստիտուտի կիրառման դեպքում, ըստ որի փոխնակ մորից ծնված երեխան, սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվողին է հանձնվում, եթե ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման արդյունքում հաստատվում է, որ ամուսիններից առնվազն մեկը կամ ամուսնության մեջ չգտնվող անձը հանդիսանում են երեխայի կենսաբանական ծնող(ներ)ը եւ որ փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը:
Ընդ որում, Նախագծով ԴՆԹ-ի թեստի անցկացման կարգը սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը:
Ներկա փուլում օրենքը հնարավորություն է տալիս ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամուսնության մեջ չգտնվող անձանց օգտվել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից` միաժամանակ չհանդիսանալով ապագա երեխայի կենսաբանական ծնողը:
Բացի այդ, փոխնակ մոր ինստիտուտի կիրառման սահմանափակման նպատակով ամրագրել դրույթ, ըստ որի` կինը չի կարող երկու անգամից ավել հանդես գալ որպես փոխնակ մայր:
Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ապա վերջինիս ընդունումը նպատակ է հետապնդում սահմանել իրավական մեխանիզմներ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների արդյունքում ծնված երեխաների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության համար, ապահովել կանխարգելիչ գործիքներ` հնարավոր չարաշահումների համար, քրեական պատասխանատվություն սահմանելու եղանակով եւ այս ճանապարհով լրացնել օրենքի ներկայիս բացը: