ԿԳՆ-ն ակնկալում է, որ նոր նախագիծը կնպաստի նաև հանրակրթության որակի բարձրացմանը

Կրթության և գիտության նախարարության նոր նախագծում, որն այսօր նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց գործադիրի նիստին նշվում է, որ երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում.

1) դպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.

2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.

3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական աջակ-ցության կենտրոնի կողմից:

Ներկայումս  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, նրանց ծնողներին, հատուկ ու ներառական դպրոցների մանկավարժական աշխատողներին  կանոնակարգված  կերպով  մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ է իրականացնում  Երևանի հանրապետական բժշկահոգեբանամանկավարժական  կենտրոնը` իր կանոնադրությանը համապատասխան: Որոշ    ծառայություններ իրականացվում են նաև ներառական դպրոցներում, ինչը բավարար չէ՝ ըստ գործադիրի: 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվեց «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ` օրենք) որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ապահովել  համընդհանուր ներառական կրթության իրականացումը: Օրենքով առաջին անգամ նախատեսվեց տարածքային մակարդակ` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից իրականացվող ծառայություններ: Միաժամանակ, օրենքի 8-րդ հոդվածի համաձայն սահմանվեց, որ  մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կառավարության որոշման նախագիծը ուղղված է օրենքով սահմանված եռամակարդակ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները սահմանմանը, յուրաքանչյուր մակարդակում դրանց կանոնակարգմանը և, վերջին հաշվով, համընդհանուր ներառական կրթության իրականացման գործընթացի ապահովմանը:

Ակնկալվում է, որ որոշման կենսագործումը կնպաստի ոչ միայն  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններից օգտվող երեխաների կրթության իրավունքի լիարժեք  իրացմանը, նրանց կրթական մակարդակի աճի ապահովմանը,  այլ նաև  Հայաստանում հանրակրթության որակի բարձրացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել