Պետական երկու կոմիտե է ստեղծվել՝ նախագահի հրամանագրով

Հոկտեմբերի 8-ին նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել՝ պետական կոմիտեներ ստեղծելու վերաբերյալ․

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը`
որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում ստեղծել զբոսաշրջության պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժինը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով`
«11.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե».
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Այսինքն` այս հրամանագիրն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 9-ից, այսպիսով ստեղծվում են երկու պետական կոմիտեներ` քաղաքաշինության և զբոսաշրջության:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել