Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց

Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո, կառավարության նիստը վերսկսկեց քիչ առաջ: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Արմեն Գևորգյանին՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար և Վիգեն Սարգսյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու համար: Այնուհետև մինչ օրակարգային հարցերին անցնելը նա մի քանի հանձնարարականներ տվեց:

Առաջին հանձնարարականը վերաբերում էր պետական գնումների ոլորտին: Վարչապետը նշեց, որ այս հարցի վերաբերյալ կար հանձնարարական: Որոշակի նյութեր են ստացել, քննարկել և ելնելով դրանից՝ հանձնարարեց  ֆինանսների նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում ներկայացնել որոշման նախագիծ, որի համաձայն պետական մարմինների կողմից պարբերական սպառման բնույթ ունեցող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման գործընթացն ամբողջությամբ իրականցվի կենտրոնացված եղանակով՝ մասնագիտացված կառույցի կողմից: Պարբերաբար սպառման ապրանքների և ծառայությունների գնումների ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ: Նաև հանձնարարական եղավ՝ գնման ամբողջական գործընթացը կազմակերպել էլեկտրոնային տարբերակով:

Սպեցիֆիկ ապրանքների գնման գործընթացին ևս հատուկ կարգավորում կտրվի և խնդիրներ չեն առաջանա:

Իր երկրորդ հանձնարարականով վարչապետը նշեց, որ բնակչությանը ներկայացվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը կառավարության համար գերակայություն է և պետք է գործադիրի անդամներն իրենց որոշումներն ընդունելիս՝ հաշվի առնեն սա: Գործադիրի անդամներին հանձնարարակն տրվեց ամփոփել և արդարադատության նախարարությանը ներկայացնել, թե իրենց կողմից ինչ ծառայություններ են ներկայացվում բնակչության, ինչ ընթացակարգով: Արդարադատության նախարարությունը պետք է ամփոփի տվյալներն ու ներկայացնի առաջարկություններ՝ կառավարությանը: Սա նպատակ ունի հնարավորինս նվազեցնել հերթերն ու անտեղի պահանջվող տեղեկանքների քանակը:

Երրորդ հանձնարարականը նույնպես տրվեց գործադիրի բոլոր անդամներին՝ եթե կան որոշումների կամ խնդիրների այնպիսի շրջանակ, որոնք կարող են լուծվել իրենց իսկ կողմից, ապա դրանք չներկայացնել գործադիր մարմնի լուծմանը: այսպիսին, հնարավորինս ապակենտրոնացնել խնդիրների լուծումը: Վարչապետի խոսքով, իրենք վստահում են գործընկերներին և նրանց լուծումներին: Նրա խոսքով, տարեկան մոտ 6000 կառավարության որոշում է ընդունվում, մինչդեռ հնարավոր է այդ խնդիրները լուծել նախարարների կամ այլ պետական հիմնարկի ղեկավարի մակարդակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել