Այսօրվա կառավարության նիստին գործադիրի անդամները հավանություն տվեցին նաև Երևան քաղաքի Վ.Սարգսյան 3/3 հասցեում գտնվող շենքի ձեռք բերման միջոցառումների ծրագրին:
Ծրագրի հավելվածի համաձայն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանցից 100 տոկոս բաժնեմասերը մասնակիցներից գնելու համար կվճարի 3 356 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով գումար:
Այսպես, ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական գույքն օտարելու մասին» N1675-Ն որոշման հիմքով կնքված նախնական պայմանագրերի համաձայն «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ն պարտավորվել է Երևան քաղաքի Վ.Սարգսյան 3 հասցեում այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատերերին /երկու ֆիզիկական և հինգ իրավաբանական անձանց համար Վ.Սարգսյան 3 հասցեում կառուցել առանձին մասնաշենք և սեփականության իրավունքով փոխանցել վերջիններիս՝ 1 քառ. մետր մակերեսի համար վճարելով 100 ՀՀ դրամ/:
Նշված գործարքի իրականացման համար սեփականատերերը կնքել են ցեսիայի պայմանագիր, միացել են և ստեղծել «Համագործակցություն» ՍՊԸ, որին փոխանցվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, կապված «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի Վ.Սարգսյան 3 հասցեում այրված շենքի 1-ին հարկի տարածքների հետ:
27.03.2015թ. «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի և «Համագործակցություն» ՍՊԸ-ի միջև կնքվել է ք.Երևան, Վ.Սարգսյան փող. 3/3 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և վերջինիս կողմից վճարվել է 277 752 ՀՀ դրամ գումար:
Հաշվի առնելով, որ ներկայումս է առաջացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը շենքային պայմաններով ապահովելու անհրաժեշտություն, ներկայացված նախագծով առաջարկվում է հաստատել ք. Երևան,Վ.Սարգսյան 3 հասցեի այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատերերի համար կառուցած շենքի ձեռք բերման գործողությունների ծրագիրը՝ նշված շենքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին տեղակայելու համար: