Հարուցվել է քրեական գործ՝ արտերկրում ՀՀ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ արտերկրում մի խումբ անձանց կողմից Հայաստանի քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Լոռու մարզային քննչական վարչությունում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին նյութեր են ստացվել առ այն, որ ՌԴ Մոսկվա քաղաքի թաղամասերից մեկում մի խումբ անձինք բռնություն են գործադրել ՀՀ քաղաքացիություն ունեցող տղամարդու նկատմամբ:

Ըստ տուժողի հայտարարության՝ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 24-ին՝ ուշ երեկոյան, Մոսկվա քաղաքում մոտ 5 անձ հարձակվել են իր վրա եւ մահակներով ծեծի ենթարկել: Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետները տղամարդու մարմնի քննության արդյունքում արձանագրել են տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ աճուկային հատվածում, ինչն առաջացնում է առողջության ծանր վնաս։ Վաղեմությունը, ըստ փորձագետների, հնարավոր չի եղել պարզել։

Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել