Բանկերի, վճարահաշվարկային կամ այլ կազմակերպությունների, ֆիզիկական անձանց, պետական կամ այլ մարմինների, հիմնարկների հանդեպ դրամային պարտավորություններ ունենալը հիմք չէ անձնագրային գործողությունները մերժելու համար, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Անձնագրային ծառայությունը պարտավոր է ընթացք տալ քաղաքացու դիմումին կամ պահանջին՝ միևնույն ժամանակ սահմանված կարգով տեղեկացնելով ԴԱՀԿ ծառայությանը, եթե հարուցված է կատարողական վարույթ:
Ի համեմատ սովորական պայմաններում իրականացվող անձնագրային գործողությունների, նշված դեպքում առաջանում են որոշ կազմակերպական խնդիրներ: Հաշվի առնելով այն, որ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայում անձի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար սահմանված է լինում տեխնիկական արգելք, հետագա գործողությունները շարունակելու համար անձնագրային ծառայության կողմից զեկուցագիր է ներկայացվում վարչություն, որպեսզի ժամանակավորապես վերացվի արգելքը:
Այնուամենայնիվՙ հորդորում ենք, խնդիրներ ունենալու դեպքում կատարել առկա պարտավորվածությունը, որպեսզի հանրային ծառայություն մատուցելիս չառաջանան բարդություններ:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Անձնագրային գործողություններ են համարվում
1. Անձնագիր (նույնականացման քարտ) տրամադրելը,
փոխանակելը,
2. Անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելը,
3. Անձնագրում օտարերկրյա պետությունում
վավերականության նշում կատարելը: