Բոլոր հարցերն ունեն իրենց պատասխանները. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնն ամեն շաբաթ ամփոփում է ստացված հարցումները և առանձնացնում ամենից հաճախ տրված հարցը: Այս շաբաթ զանգահարած քաղաքացիների զգալի մասին հետաքրքրող հարցը և մասնագետի պատասխանը ներկայացնում ենք ստորև.
Հարց
Ո՞ր դեպքում կարելի է դուրս գրել ճշգրտող հարկային հաշիվ:
Պատասխան
Մատակարի կողմից ճշգրտող հարկային հաշիվ կարող է դուրս գրվել հետևյալ դեպքերում.
- եթե գնորդը հրաժարվել է ընդունել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը),
- եթե մատակարարը հրաժարվել է հանձնել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը),
- եթե մատակարարված ապրանքների քանակը կամ մատուցված ծառայությունների ծավալները նվազում են. օրինակ` ապրանքների կամ ծառայությունների արդյունքներն ընդունելու ժամանակ պարզվում է, որ փաստացի ստացված ապրանքների քանակը կամ ծառայությունների ծավալները պակաս են հարկային հաշվում նշված քանակից կամ ծավալից,
- եթե պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքները վերադարձվում են մատակարարին:
Պատասխանի համար հիմք է ծառայում ՀՀ Կառավարության 11.11.2010թ. «Հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը հաստատելու մասին» N 1504-Ն որոշումը: