Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ կստանան նաև Արցախում հաշվառված գործատուի մոտ աշխատող ՀՀ քաղաքացիները

Այսուհետ, մինչեւ 2 տարեկան երեխաների  խնամքի նպաստ /ամսական 18000 դրամ/ կարող են ստանալ նաեւ Լեռնային Ղարաբաղում հաշվառված գործատուի մոտ աշխատող ՀՀ քաղաքացիները։  Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 22.09.2016թ. նիստում:

Որոշմամբ սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող անձին խնամքի նպաստ է նշանակվում բացառապես այն դեպքում, երբ ծնողը և երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով  և,  երբ ծնողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  խնամքի նպաստ չի նշանակվել:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է նպաստ նշանակող մարմինը:  Այդպիսով քաղաքացին ազատվում է փաստաթուղթ ներկայացնելու պարտավորությունից:

Հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ ժամկետները՝ խնամքի նպաստ  նշանակելու վերաբերյալ որոշումը կկայացվի 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումի հիման վրա (այդ թվում՝ այն դեպքում, երբ դիմումը մերժվել է) նշված անձին նշանակվում է խնամքի նպաստ՝ անկախ կրկին դիմելու հանգամանքից,  Լեռնային Ղարաբաղի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված` խնամքի արձակուրդում գտնվելու և խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա: Այս դեպքում խնամքի նպաստ նշանակելու դիմումը ներկայացնելու օր է համարվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացրած դիմումը ներկայացնելու օրը, իսկ խնամքի նպաստի չվճարված գումարները վճարվում են ամբողջությամբ:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել