ՀՀԿ-ն հաստատել է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունը

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է հետևյալի մասին ՝

«Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատակադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխանեցման առումով: Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փոփոխություններ: Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ: Այսօր, սակայն, մենք կխոսենք կառավարության մասին:

Դուք գիտեք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Կարեն Վիլենի Կարապետյանի թեկնածությունն առաջադրելու մասին:

Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարապետյանի ունակություններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով:

Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստացել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տանելու պատրաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստահություն և որ ամենակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրականանալի:

Ակնհայտ է, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու համագործակցության համար, բայց և՝ հաստատակամ իր նպատակներում:

Օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:

Ես շնորհավորում եմ Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկն ստանձնելու կապակցությամբ:

Վճռորոշ փուլ ենք մտնում, մեծ է պատասխանատվությունն ու էական են ակնկալիքները: Վստահ եմ, որ բոլորս անվերապահորեն սատարելու ենք նրա նախաձեռնությունները: Շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս»,- ՀՀ Նախագահ՝ Սերժ Սարգսյան:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել